Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Սեպը սեպով են հանում

Սեպը սեպով են հանում
02.03.2018 | 12:17

Խորհրդարանական կառավարումը Հայաստանում գործում է` ժամկետներն ու պայմանականությունները մի կողմ թողած. այն, ինչ առաջ կատարվում էր փողոցում, տեղափոխվել է Բաղրամյան 19 և դուրս չի գալիս փողոց: Դա էր, ի վերջո, Սահմանադրության փոփոխության բուն նպատակը: Կայունության ու անվտանգության հաստատում` իշխանության համար, ընդդիմության մեկուսացում քաղաքական գործընթացներից: Ժողովրդի մեկուսացում` ընդդիմությունից: Ոչ թե պարտադրանքով, այլ` իրավականորեն: Ինքնըստինքյան: Ինքնաբուխ:


Խորհրդարանը կատարում է իր բարձր առաքելությունը թե նիստերի դահլիճում, թե քաղաքական կուլիսներում: Այնքան ներդաշնակ ու նույնիսկ հուզիչ, որ կարող են հանգիստ փակվել հայաստանյան թատրոնների դռները: Մայր թատրոնը` Ազգային ժողովը, միևնույն է, գործում է: Առավել ևս` հանդիսատեսին տոմս պետք չէ` այդ ներկայացումը տեսնելու համար: Մուտքը ձրի է: Իսկ ձրին, լավ հայտնի է, թակարդ է, ոչ միայն պանրի ու մկան հարաբերություններում, այլև մարդկանց: Պաշտոնապես ԱԺ-ն ծրագրված իրականացնում է իշխանության կազմավորման գործընթացը` ընդունում է օրենքներ ու ընտրում պաշտոնյաների: Աշխատում է օրնիբուն: Լավ է աշխատում: Օրենքները սրընթաց ընդունվում են, պաշտոնյաները` ընտրվում: Բուրգը կառուցվում է: Բայց հընթացս ծագում են խնդիրներ: Ավելի ճիշտ` միշտ չի հաջողվում խնդիրներից խուսափել:


Երեքշաբթի ՀՀԿ-ն անակնկալ մատուցեց «Ելքին»` օրակարգում ներառելով Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը: Հաճելի անակնկալ, թեպետ տեղնուտեղը ասպարեզ նետվեց վարկածը, որ քայլը ոչ թե ընդառաջ «Ելքին» էր, այլ ընդդեմ… Ռոբերտ Քոչարյանի, որ իբր իշխանության կազմավորման շրջանում նախաձեռնել է քաղաքական ռեինկարնացիա: Հիմնավորումը փետրվարի 20-ին նրա ներկայությունն էր ղարաբաղյան շարժման 30-ամյակի միջոցառումներին Ստեփանակերտում: Բլեֆ էր: Ռոբերտ Քոչարյանն այնքան փորձ ու խելք ունի, որ տանուլ տված պարտիայի վերջնամասում խաղատախտակին չմոտենա: Եվ` նոր խաղը չսկսի անհարմար պահին ու անհարմար դիրքից: Առավել ևս` Մարտի 1-ը այն թեման չէ, ուր Ռոբերտ Քոչարյանը, իրեն մեղադրանքներ ներկայացվելու դեպքում, չի ներքաշի իշխանական ամբողջ դաշտը: Պատահաբար չէր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասում` նրան հարցաքննեն, որ ի՞նչ: Պատահական չէ, որ Գևորգ Կոստանյանն էլ ընտրվում է ԱԺ պետական-իրավական ու մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ` հարակից այնպիսի դիֆիրամբներ ստանալով ՀՀԿ-ից, որ ցանկացած ժողովրդական արտիստ կերազեր իր 100-ամյակի բենեֆիսին: Համենայն դեպս` լիակատար ամնեզիա էր Գևորգ Կոստանյանի գլխավոր դատախազ աշխատելու աղմկահարույց դրվագների վերաբերյալ (ո՞վ հիշեց Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո Գյումրիում նրա «տղամարդու խոսքը»), փոխարենը նա հայտարարվեց կոռուպցիայի ահ ու սարսափ և իրավագիտության աստծո տեղակալ (եթե ոչ աստված): Իսկ ընտրվեց 63 կողմ և 30 դեմ ձայնով, և` շնորհակալ էր:


ՀՀԿ-ի բուն անակնկալը «Ելքին» չորեքշաբթի օրն էր` Նիկոլ Փաշինյանի «հայբուդուր 1»-ի պատասխան «հայբուդուր 2-ը»: Քաղաքական «մուտիլովկայի» մեջ ՀՀԿ-ի (ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի) հետ մրցելու համար փորձ ու իշխանական լծակներ են պետք: Երբ երեքշաբթի Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ նոր տարվա նախաշեմին Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծի փաթեթում այնպիսի փոփոխություններ են կատարվել, որ ապրիլի 9-16-ին առաջադրման և մայիսի 2-ին քառօրյայում ընտրության փոխարեն` մինչև ապրիլի 16-ի երեկոյան Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու կառաջադրեն, հաջորդ օրը ԱԺ-ում կընտրեն, որ հանրությունը գլխի չընկնի, թե ինչ է կատարվում, պիտի իմանար` հայտարարությունը ասիմետրիկ պատասխան է ստանալու: Առավել ևս հավելում էր, որ դա ՀՀԿ պատմության ամենամեծ խաբեությունն է և, եթե ժողովուրդը որոշի թույլ չտալ ՀՀԿ-ին նման քայլ, «Ելքը» կսատարի ժողովրդին։


Իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության ժամանակ հարցեր էր տալիս ու դատական համակարգը անվանում էր «սուտը սպասարկող ու ճշմարտությունը կոծկող համակարգ»` շարելով փաստեր:

Կամ` Էդմոն Մարուքյանն էր հայտարարում, որ բամբասանք մեկնաբանելու իմաստ չկա, ասում էր` «Ելքի» համար Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետն անընդունելի է, «պայքարի մեթոդների մասով քննարկումների մեջ ենք, երբ կլինի որոշում, կտեղեկացնենք»: Արամ Սարգսյանն անփոփոխ հաստատում էր, որ «Ելքը» կառաջնորդի փողոց դուրս եկող մարդկանց: Ի՞նչ էր մնում իշխանությանը:
ՕԵԿ-ի ռեինկարնացիայի իմաստը չհասկացած «Ելքին» պետք էր բացատրել` ինչպե՞ս պիտի իրեն պահի խելամիտ ընդդիմությունը ԱԺ-ում: Եվ այնպես բացատրել, որ «Ելքը» որոշ ժամանակով խաղից դուրս գա նվազագույնը, իսկ առավելագույնը կտրել փողոց «Ելքի» հնարավոր ելքը: Եվ ստացվեց, որ մյուսներին ու Գագիկ Հարությունյանին բազում «անհարմար» հարցեր տվող «Ելքի»` նիստին ներկա 7 պատգամավորներից միայն 2-ը նրան դեմ քվեարկեցին: Դա քիչ է` «Ելքի» ԱԺ վերահսկիչ հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը վերցրեց ու ստորագրեց արձանագրությունը։ Փորձի՞, թե՞ խելքի պակասից, իսկ հետո արդարացավ. «Ես վստահ եմ, որ իմ խմբակցության բոլոր անդամները Գագիկ Հարությունյանին դեմ են քվեարկել, հաշվարկի ժամանակ իրավիճակն այնպիսին է, որ քվեաթերթիկները դրվում են սեղանին և հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներից ամեն մեկն իր կողմ է տանում քվեաթերթիկը և հաշվում: Շատ հնարավոր է, որ դեմ քվեաթերթիկները փոխարինվել են կողմ քվեաթերթիկներով»։ Այսինքն` պատգամավորը խոստովանում է, որ իր գործը չի արել: ՈՒ ի՞նչ: «Ելքը» նրան թողնելու՞ է հանձնաժողովում: Թողնի-չթողնի` Լենա Նազարյանը ստորագրությամբ վավերացրել է ընտրությունը և իրավունք տվել հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանին ընտրությունը կեղծելու մեղադրանքներն անհիմն որակել, իսկ Էդուարդ Շարմազանովին չարախնդալ` «Ես ասելիք չունեմ, ուրեմն իրենք լուրջ ճգնաժամի առջև են կանգնած»:


Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Ելքի» 7 պատգամավորները, որ մասնակցել են քվեարկությանը, քվեարկել են Գագիկ Հարությունյանին ու Գևորգ Դանիելյանին դեմ և քվեարկության արդյունքների կեղծումը «մանր ժուլիկություն է` ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող մեծամասնության ներկայացուցիչների կողմից ուղղված ընդդեմ «Ելքի», խորապես սխալվում է։ Մանր ժուլիկություն չէ, պատասխան «հայբուդուրն» է:
Մանր ժուլիկությունը ոչ թե ՀՀԿ-ն, այլ ԲՀԿ-ն արեց: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց` «Ոչ մի բան էլ չեն կեղծել, լավ էլ իրենց անդամներից 4 հոգին կողմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին» (փակ-գաղտնի քվեարկությունը փաստորեն բաց-բացահա՞յտ է): Սա էլ պատասխանն էր Նիկոլ Փաշինյանին, որ «Ծառուկյան» խմբակցության կողմից՝ Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը «տարօրինակ ու ցավալի որոշում էր»: Արմեն Ռուստամյանն էլ հիշեցրեց Վանաձորի ավագանու իրավիճակը, թեպետ օրինակը տեղին չէր` ՀՀԿ-ի թեկնածուին կողմ քվեարկողները ոչ թե «Լուսավոր Հայաստանում» էին, այլ ՕԵԿ-ում: Սեպը սեպով են հանում` դա հին հայկական քաղաքական ավանդույթ է: Ի վերջո` «Ելքի» շուրջ աղմուկը լավ պատրվակ է` անաղմուկ անցկացնելու թե մարտի 1-ը, թե 2-ը` Արմեն Սարգսյանի ընտրությունը` խնդրահարույց քաղաքացիության պարագայում: Դա նույնպես հին ավանդույթ է, որին բազմիցս դիմել է ՀՀԿ-ն տարբեր առիթներով:


Իսկ Արմեն Սարգսյանը բազում հանդիպումներ ունեցավ Հայաստանում ու Հայաստանից դուրս և նույնիսկ ասաց, որ նախագահ չընտրվելու դեպքում էլ այդ հանդիպումներն իր համար շատ կարևոր են: Ճանաչողական իմաստով` այո: Քաղաքական իմաստով` հակառակն է: Փաստացի` օբյեկտիվորեն, թե սուբյեկտիվորեն ի սկզբանե Արմեն Սարգսյանը հանրությանը ներկայացավ որպես մարդ (ու` նախագահ), որ ի զորու է լուծել քաղաքական ու տնտեսական հարցեր: Եվ` պատրաստ է ու կարող է լուծել: Բայց կա մեկ «աննշան» խոչընդոտ` Սահմանադրությունը, որ նրան այդ իրավասությունները չի տալիս: Ճիշտ է` Արմեն Սարգսյանը առաջադրեց «առաջնորդելու» տեսությունը, բայց նախ չմեկնաբանեց ի՞նչ է նշանակում ու ինչպե՞ս է իրագործվելու, հետո էլ` հարց է, թե այդ պարագայում ի՞նչ է անելու վարչապետը: Հազիվ թե Հայաստանում (թեկուզ 44-րդ հանրապետության դեպքում) հաստատվի բուդդայական լիակատար ներդաշնակության նիրվանան, երբ նախագահն ու վարչապետը համատեղ ու համաժամանակյա առաջնորդվում են նույն նպատակով ու նույն շահն ունեն: Նույնիսկ Բուդդան դրան չի հասել: Փաստացի այսօր ԱԺ-ում նախագահ ընտրվող Արմեն Սարգսյանն ընտրությունից հետո էլ ունենալու է նույն իրավունքները, ինչ ուներ թեկնածու Արմեն Սարգսյանը, և դա առաջին դառը հաբն է, որ նա կլլելու է: Այսօրվանից` դեղատոմսով` առողջապահության նախարարի թեթև ու թանկ ձեռքով:


Ադրբեջանի ԱԳ նախարարի «թեթև ձեռքով» նոր իրավիճակ է հայտարարվում հայ-ադրբեջանական ճակատում: Իլհամ Ալիևը Երևան, Զանգեզուր ու Սևան էր մտնում, իսկ Էլմար Մամեդյարովը (նրան հանգստի ուղարկելու ժամանակը չէ՞) Ժնևում ասում էր, որ Ադրբեջանի համար արցախյան խնդրի քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք, որ հնարավոր է Հայաստանում և Ադրբեջանում նախագահի ընտրություններից հետո երկու նախագահների նոր հանդիպում: Մամեդյարովը անկեղծացել է, որ Կրակովում համանախագահները հետաքրքիր գաղափարներ են առաջարկել և իրենք ուզում են խանդավառ շարունակել` «քանի դեռ դիվանագետները չեն հոգնել, պետք է աշխատել»: Ասում էր` բոլորը գիտեն` ինչ ճանապարհով է պետք գնալ, որ մարդիկ վերադառնան իրենց տները, զորքը վերադառնա զորանոց ու տիրի խաղաղություն: Գիտեն ու չե՞ն գնում: Եթե չեն գնում, դա նույն սուբստանցիոնալ ճանապարհն է, որ տանում է ոչ մի տեղ: Ոչ մի տեղը այսօր այն հասցեն է, որին հայտարարություններ ուղղեցին ՌԴ ԱԳՆ-ն, Ֆրանսիայի ԱԳՆ-ն ու ԱՄՆ-ի պետդեպարտամենտը: Պարիտետաբար, բայց նրանք Ալիևին պարզ ասացին` մի ասա, ինչ չես անելու, արա, ինչ խոստացել ես: Օրինակ` Ժնևում ու Կրակովում: Ալիևը զորքերը զորանոց չի վերադարձնելու ու շարունակելու է կրակել` բոլորը գիտեն: Բոլորը, նաև Ալիևը, գիտեն, որ Բաքվի նոր ագրեսիայի պատասխանը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է լինելու: Միջազգային: Չի բացառվում, որ նույնիսկ առաջինը Մոսկվան ճանաչի` կանխելու ԱՄՆ-ի ազդեցության տարածումը Հարավային Կովկասում ու տարածաշրջանն իր վերահսկողության տակ պահելու համար: Նոր պայմանները նոր որոշումներ են պարտադրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԽ նիստում չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները: Դա սոսկ պատասխան է Անկարային: Խնդիրը իրավիճակ փոխելն է: Մինչև «առոչինչը» պետք էր ձևակերպել ու բարձրաձայնել այն մեկնակետը (առանց նախապայմանների կամ նոր պայմաններով), որտեղից Հայաստանը պատրաստ է նոր հարաբերություններ սկսել Թուրքիայի հետ` հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների չհաստատման պատմությունն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Դա պիտի լինի անխոտելի փաստաթուղթ, որին Թուրքիայի, առավել ևս սատելիտի կարգավիճակ ունեցող, բայց այս հարցում դոմինանտ թվացող Ադրբեջանի, որևէ առարկություն ցույց տա նրանց քաղաքականության սնանկությունն ու կողմնակալությունը` ստանալով համարժեք գնահատական միջազգային կառույցներում ու տարածաշրջանում իրենց խաղացող համարող պետություններում` ածանցյալ հետևանքներով: Դա բարդ, բայց և լուծելի խնդիր է` հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի շուրջ աշխարհաքաղաքական վիճակը: Նախ` պատեհ պահը պետք է օգտագործել և զուգահեռ` համահայկական ներուժը ի սպաս դնել Արցախի Հանրապետության ճանաչմանը: Սեպը սեպով հանել է պետք արտաքին քաղաքականության մեջ: Հավերժական ոչինչ չի մնացել` ոչ բարեկամությունը, ոչ թշնամությունը: Ոչ աշխարհագրությունը: Ոչ աշխարհաքաղաքականությունը: Եվ դա հեռանկար է տալիս ու հույսեր ներշնչում:

Դիտվել է՝ 2137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ